ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱՉՔԵՐԸ

ԱՉՔԵՐԸ
13.01.2012 | 00:00

Մեր նախկին պետի հուղարկավորությունից հետո մասնակցելով հոգեհացի արարողությանը` ծանր սրտով դուրս եկանք փողոց:
-Ի՞նչ ես ասում, չգնա՞նք մի տեղ նստենք, մի բաժակ էլ բարձրացնենք Կարապետիչի հիշատակի համար, - ասաց ընկերս` մայթի հակառակ կողմի սրճարանը ցույց տալով:
-Գնանք, շարունակենք, Կարապետիչը քրեական հետախուզության լեգենդներից էր, մենք նրանից շատ բան ենք սովորել, ի վերջո քրեական հետախուզությունում մեր առաջին ուսուցիչն է եղել:
Սրճարանը լեփ-լեցուն էր երիտասարդներով: Ղեյլանի թանձր, քաղցրահամ ծխի միջով անցնելով` տեղ գրավեցինք անկյունում տեղադրված ցածրադիր սեղանիկի շուրջը, հարմարավետ բազկաթոռներում:
-Տեսնում ես` կյանքը ինչպես է փոխվել, մեր երիտասարդության տարիներին երազել անգամ չէինք կարող, որ այս սրճարանում ղեյլան ու բազկաթոռներ կլինեն, նստում էինք չոր աթոռների վրա:
-Այն տարիներին մարդիկ տարածքը խնայելու լրջագույն խնդիր ունեին. եթե բազկաթոռներ շարեին, սրճարանի տարածքի յոթանասուն տոկոսը կկորցնեին:
-Ի՛նչ է, սրճարանի տերը չի՞ հասկանում, որ տարածք է կորցնում, - զարմացավ ընկերս:
-Այնժամ այս տարածքը ծառայում էր ցանկացած երևանցու: Տարածքի տերը բազկաթոռներով կորցրել է, գումարային առումով` տասնապատիկ շահել: Այսօր երևանցիների գերակշիռ մասն այս սրճարանից օգտվելու հնարավորություն չունի, գներն այն ժամանակվա համեմատությամբ տասնապատիկ ավելացել են, ուտելիքն էլ հոտ ու համ չունի:
Մատուցողը բավականին վարժ օղին լցրեց և, բարի ախորժակ մաղթելով, հեռացավ:
-Այս նրբերշիկը զուր պատվիրեցիր, անցյալ օրը տվեցի մեր բակի կատվին, չկերավ, - ասացի` օղու բաժակը վերցնելով:
-Մեխանիկորեն ստացվեց, հիշո՞ւմ ես` ի՜նչ նրբերշիկ էին տալիս այստեղ, այնպես պետք է կծեիր, որ հյութը զրուցակցիդ շորերին չթռչեր, համի ու գնի մասին էլ չեմ ասում:
-Դե՛, վերցրու բաժակդ, հիշատակենք մեր ուսուցչի ու մարտական ընկերոջ հիշատակը, Աստված հոգին լուսավորի, - ասացի` ոտքի կանգնելով:
Խմեցինք: Մեր բակի կատուն երիցս ճիշտ էր. նրբերշիկը իրոք ուտելու բան չէր:
-Պետք է ասեմ, որ ձեր բակի կատուն իմաստուն կենդանի է, ի՞նչ է, նրբերշիկ ընդհանրապե՞ս չես գնում:
-Գնում եմ միայն մեր Պավլիկի արտադրանքը:
-Նախկին թռչնաբուծարանի Պավլիկի՞ն նկատի ունես:
-Այո: Լցրու, հիշում ես, որ կռիվ էիր սարքել մանկական գաղութում, կարծեմ օպերատիվ գծով տեղակալի էիր ծեծել: Կարապետիչը գնաց նախարարի մոտ, որ քեզ օրգանից չհեռացնեն: Կրկին լավ մարդու կենացը, լույս իջնի գերեզմանին:
Հավանաբար ինչ-որ բան հիշեցրի` ընկերոջս դեմքն ավելի մթնեց:
-Ես մանկական գաղութի պատմությունը քեզ ամբողջովին չեմ պատմել, - մտազբաղ ասաց ընկերս:
-Գիտեմ այդ պատմությունը, գրքով հարվածել էիր տեղակալի դեմքին, աչքերի տակ կապտուկները նկատելի էին:
-Լավ, պատմեմ, որ իմանաս, թե իրականում ինչ էր եղել: Մի երեխայի հարցով գնացել էի դրա մոտ: Ներկայացա, որ Երևանի քրեական հետախուզությունից եմ, սա էլ ինձ շատ լավ ընդունեց, խնդրանքս էլ անմիջապես կատարեց:
-Դրա համար էլ դնգստեցի՞ր, - ծիծաղս չզսպելով հարցրի ես:
-Խնդրում եմ լսես, - նեղացած ընդմիջեց ընկերս:- Այդ ստորն իր առանձնասենյակում մի լուսանկարների ալբոմ հանեց և խնդրեց նայել: Նկարներում գաղութի երեխաների լուսանկարներ էին: Նայելուց հետո ալբոմը նրան մեկնեցի: Սա թե.
-Ի՞նչ է, ոչինչ չտեսա՞ր:
Ես իրոք ոչինչ չէի նկատել:
-Եվ ի՞նչ պարզվեց, - հետաքրքրվեցի:
-Պարզվեց, որ այդ սրիկան լուսանկարել էր այն երեխաներին, որոնց գաղութում «իջեցրել» էին: Պատկերացնո՞ւմ ես, տասնյակ տարիներ են անցել այդ օրից, բայց այդ դժբախտ երեխաների աչքերը մինչև այսօր հիշում եմ:
-Ես իրոք այդ մասին առաջին անգամ եմ լսում: Փաստորեն, մանկական գաղութում սադիստ է աշխատել:
-Երբ նա աղմուկ բարձրացրեց, որ իրեն ծեծել եմ, ես Վլադիմիր Կարապետիչին պատմեցի իրական պատմությունը:
-Եվ ի՞նչ ասաց:
-Միասին գնացինք գաղութ և իմ կիսատ թողած գործը նա ավարտեց:
-Ծեծեց:
-Ո՛չ, շան ծեծ տվեց, որից հետո աղմուկ չբարձրացնելու համար նախարարը ստորին թոշակի ուղարկեց: Տականքն աշխատելու փոխարեն, որ նման դեպքերը մանկական գաղութում բացառվեն, տառապյալ երեխաների լուսանկարներ էր հավաքում:
-Դե, կրկին Կարապետիչի պայծառ հիշատակի կենացը,- առաջարկեցի ես` բաժակս բարձրացնելով:- Երեխաների աչքեր ասացիր, մի բան հիշեցի: Չեռնոբիլյան աղետից հետո մեր շրջան երեխաներ ուղարկեցին: Մի քանի տասնյակ երեխայի իրենց ուսուցիչների հետ տեղավորել էինք դպրոցի դահլիճում: Գիտես, աղետի իրական պատկերի և հետևանքների մասին իմացանք տարիներ անց, այնպես էին մատուցում, որ սովորական վթար է եղել և երկու ամսից մարդկանց վերադարձնելու են իրենց բնակավայրերը: Ինչպես դու ես հիշում այն «իջեցված» երեխաների աչքերը, իմ հիշողության մեջ էլ անջնջելի հետք են թողել չեռնոբիլյան աղետից տուժած երեխաների աչքերը: Նրանց մեջ վախի, անորոշության քողը իսպառ վերացրել էր մանկական աչքերի երջանիկ կայծերը: Տարօրինակը նաև այն էր, որ դահլիճում երեխաներին հատուկ աղմուկն ու քաշքշոցին էին բացակայում: Աղետն իր մահազդու, անտեսանելի դրոշմն էր թողել նրանց վրա, մեկից մեծացրել էր:
-Այո, դու նկարագրեցիր մոտավորապես այն, ինչը ես տեսել էի մանկական գաղութի երեխաների լուսանկարներում,- ասաց ընկերս` բաժակը դատարկելով:
Ասում են` աչքերը մարդու հոգու հայելին են, ասում են նաև, որ հայերը յուրահատուկ, անկրկնելի թախծոտ աչքեր ունեն: Ամենայն հավանականությամբ, մեր ազգի աչքի լույսի մեջ դեռ Դեր Զորի դաժան արտացոլանքն է գամված, որը մինչ օրս էլ պահպանվել է:
Գուրգեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2696

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ